Արցախից եկած ընտանիքների համար օգնություն են հավաքագրում պատերազմի առաջին օրվանից

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախից եկած ընտանիքների համար օգնություն են հավաքագրում պատերազմի առաջին օրվանից

«Երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացա և կարդացի, որ Արցախում պատերազմ է, խաղաղ բնակչության վրա են կրակում, հասկացա, որ միգուցե կան ընտանիքներ, որոնք կարիք ունեն այստեղ տեղափոխվելու: Հենց իմացա Մարտակերտից եկող ամենաառաջին ընտանիքի մասին, գնացի, դիմավորեցի, բերեցի և տեղավորեցի մեր ընկերների տանը: Երբ այդ ամենին մասնակցում ես և տեսնում բալիկների աչքերը, հասկանում ես, որ ուրիշ տարբերակ չկա. դու այդ բալիկին օգնել ես, մյուսին չօգնելն արդեն անմարդկային է: Եվ այսպես մենք արդեն 13 օր շարունակ կատարում ենք մեր աշխատանքը››,-ասաց դերասանուհի Անաիս Սարդարյանը:

Դերասանուհին նախաձեռնությունն սկսել է Սարյան փողոցում մակարոն, ներքնակ և առաջին անհրաժեշտության այլ մթերք ու իրեր հավաքելով: Տեսնելով, որ կա շտաբ ունենալու կարիք` Անաիսը դիմել է տիկնիկային թատրոնի փոխտնօրեն Արտաշես Բաբայանին, և օգնություն հավաքագրող շտաբը տեղափոխվել է թատրոնի տարածք:

Մեզ հետ զրույցում թատրոնի փոխտնօրենն ասաց, որ Հայաստան եկող գրեթե բոլոր արցախցիները և նրանց հյուրընկալող ընտանիքները գիտեն, որ կարող են զանգահարել իրենց և հայտ ներկայացնել` նշելով, թե ինչի կարիք ունեն: Հայտը ստանալուց հետո 1 ժամվա ընթացում կամավորները հավաքում են անհրաժեշտ իրերը և առաքում ողջ Հայաստանի տարածքում:

‹‹Օգնությունների հոսքը չի դադարում, նույնիսկ ավելանում է, կարիք է եղել անգամ բերված մթերքների պահպանման համար նոր սառնարաններ բերելու: Հավաքագրվում է հագուստ, սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, կահույք և այլն: Հիմա օգտագործվում է թատրոնի մի փոքր հատվածը միայն, սակայն շուտով կարիք կլինի այլ տարածքներ էլ օգտագործելու որպես պահեստ, քանի որ երբ մարդկանցից մի դեղ ենք խնդրում, նրանք բերում են մի ամբողջ փաթեթ››,- նշեց Արտաշես Բաբայանը:

Փոխտնօրենը հավելեց, որ օգնություն ուղարկում են նաև սփյուռքից.Հայաստանում գործող օնլայն սուպերմարկետների միջոցով սփյուռքահայերը սնունդ են պատվիրում և ուղարկում: Օրական ամենաքիչը այդպիսի 50 պատվեր են ստանում: Այս 13 օրվա ընթացքում մեր հայրենակիցները սննդով և հագուստով ապահովել են մոտ 2000 արցախցու:

Թողնել մեկնաբանություն