Վկան` սուրճը

Անահիտ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՎԿԱՆ` ՍՈՒՐՃԸ

Մի նեղլիկ փողոցում իրար կից  երկու տուն կար, որոնց բաժանարար գիծը այս պատմության խորհրդանիշ ցանցն էր։ Այդ տներում ապրող երկու ընտանիքներին կապող օղակը կանայք էին։ Նրանցից մեկը մայրս էր, մյուսն էլ Անուշը` Անուշ քուրիկը. էդպես էինք դիմում նրան։ 

Իրենց հոգսերն ու ցավը իրար պատմելու համար հաճախ էին հավաքվում տանտիկինները։ Առանց առիթի, օրը երկու-երեք անգամ։ Խոսակցության միակ վկան էլ սև դառը սուրճն էր։ Հանդիպման վայրն անփոփոխ էր` երկու տան բակերը բաժանող, անձրևից ժանգոտած ցանկապատ֊-ցանցը։ Երբ հոգիները փոթորկվում են,անգամ  սաստիկ անձրևն ու քամին   հանդիպումը չեղարկելու պատճառ չէին։ Իրենց ոչինչ պետք չէր, երկու բաժակ սուրճ և մի քիչ ժամանակ՝ օրվա կատարվածը ամփոփելու ու մի լավ հանգստանալու համար։ Չէին բամբասում, զրուցում էին, մեկը մյուսին ուժ էր տալիս։

Հիմա շատ ժամանակ է անցել այդ օրերից, ամեն բան փոխվել է։ Էլ դռնից ներս մտնելուն պես չեմ վազում՝ մորս էնտեղ գտնելու հույսով։ Մեկ տարի է, ինչ ցանկապատի մոտ մնացել են երկու աթոռ ու մի դատարկ սեղանիկ։

Սրճախմութուններ այնտեղ հիմա էլ լինում են,  բայց արդեն Անուշ քուրիկի երեխաների հետ։

Իսկ սուրճի բաժակը մորս մեկնելուց միշտ նկատում եմ հեռուն հառած հայացքն ու աչքերի կարոտը։

Ինքս սուրճ չեմ սիրում…

1 thoughts on “Վկան` սուրճը

Թողնել մեկնաբանություն