ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ԽԱՂԻՑ ՍԿՍԱԾ ՊԵՏՔ Է ԿԵՐՏԵՆՔ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

Արտուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Թուրքիայի դեմ խաղից սկսած պետք է կերտենք մեր ապագան». Արեգ Հովհանյան

«Եվրո 2024»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 2023 թվականի մարտի 25-ին ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ: Այդ հանդիպման, գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի եւ հավաքականի հեռանկարների մասին զրուցել ենք երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (First Armenian Front — FAF) շարժման անդամ, Հայաստանի ֆուտզալի առաջնության մասնակից «Վեստ Արմենիա» թիմի ֆուտբոլիստ ԱՐԵԳ ՀՈՎՀԱՆՅԱՆԻ հետ :

— Ձեր կարծիքով ի՞նչ վիճակում է այժմ Հայաստանի հավաքականը:

— Կարծում եմ հավաքականն այս պահին բավականին մոտիվացված եւ կենտրոնացած է, քանի որ առաջիկայում մեզ սպասվում է չափազանց կարեւոր հանդիպում։ Նոր գլխավոր մարզիչ ունենալու հանգամանքը նույնպես ազդում է թիմի հոգեբանական վիճակի վրա:

— Ի՞նչ կարծիք ունեք Ալեքսանդր Պետրակովի մասին :

— Կարծում եմ, Պետրակովը այն մարզիչն է, որը մեզ պետք էր այս ծանր պահին: Հիանալի մասնագետ է, 2018 թվականին Ուկրաինայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին մինչեւ 20 տարեկանների հետ դաձել է աշխարհի չեմպիոն։ Այդ ամենն անելը իսկապես հեշտ բան չէ:

— Մեր հավաքականի նախկին մարզիչ Խոակին Կապառոսի եւ Պետրակովի դավանած ֆուտբոլները ակնհայտորեն տարբեր են: Արդյո՞ք հավաքականի ֆուտբոլիստները արագ եւ դյուրին կներգրավվեն այսպես ասած՝ «Պետրակովյան» ֆուտբոլի մեջ :

— Այո, իսկապես, շատ տարբեր են։ Պետրակովի նախկին թիմերը ամբողջ հանդիպումն անցկացնում էին երկրորդ համարով եւ սպասում իրենց շանսին: Իսկ Կապառոսը իրականում վատ չաշխատեց: Նա եվրոպական ֆուտբոլի մշակույթ բերեց Հայաստան եւ բարձրացրեց մեր ֆուտբոլային ինտելեկտը: Իհարկե, հեշտ չէ արագ հասկանալ մարզչին, այն էլ հավաքականի մակարդակում, քանի որ ֆուտբոլիստները տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ են հնարավորություն ստանում աշխատել մարզչի հետ:

— Ի՞ նչ արդյունքների ակնկալենք հավաքականից ապագայում :

Մինչ ապագայի մասին մտածելը պետք է կենտրոնանանք մեր ներկայի վրա, այսինքն՝ ընտրական փուլի։ Հենց Թուրքիայի դեմ խաղից սկսած պետք է կերտենք մեր ապագան: Մենք ունենք հիանալի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք կարող են հաջողություններ բերել, եթե իհարկե կարողանան ճիշտ կատարել իրենց աշխատանքը եւ հետեւեն մարզչի խորհուրդներին: Եվ, ինչպես վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրակովը. «Հաջողությունը լռություն է սիրում» :

Ի՞ նչ արդյունքի սպասենք Թուրքիայի դեմ խաղում, եւ ի՞ նչ է պլանավորել այդ հանդիպումից առաջ FAF-ը:

— Նախ՝ ասեմ, որ այսպիսի հանդիպումները դասվում են այն մրցավեճերի շարքին , որտեղ կապ չունի թե ինչ մարզավիճակում է գտնվում թիմը կամ ինչպիսի վիճակ է թիմի ներսում: Այս խաղին պետք կենտրոնանալ 110%-ով, եւ եթե այդ ամենը ստացվի, կհասնենք դրական արդյունքի: Իսկ FAF-ի աջակցության հետ կապված ասեմ, որ նախ՝ մարտի 25-ին ժամը 17:00-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից մեծ երթով շարժվելու ենք դեպի մարզադաշտ, ապա՝ մարզադաշտում ունենալու ենք մեծ ակցիա ամբողջ նարնջագույն տրիբունայում, իսկ մեջտեղի հատվածում բացվելու է մեծ պաստառ:

Լուսանկարը՝ FAF-ի ֆեյսբուքյան էջից

Զրուցեց` Արտուշ Հարությունյանը

Թողնել մեկնաբանություն