«Մենք ձեր թիկունքին ենք, հանգիստ եղե՛ք»

Լիաննա ՀԱԿՈԲՅԱՆ


Կամավորները շարունակում են օգնություն հավաքել բանակի համար

Երևանի տարբեր հատվածներում շարունակվում են նյութական օգնության հավաքագրման աշխատանքները: Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ արդեն օրեր շարունակ հավաքվում, տեսակավորվում և անհրաժեշտ ուղղություններով է ուղարկվում սնունդ, հագուստ և դեղորայք:

Մեզ հետ զրույցում, կազմակերպիչներից մեկը՝ Սիրանուշը, նշեց, որ ինքն ու ընկերներն են ձեռնարկել քաղաքի այս հատվածում առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրումը:

‹‹Քանի որ գիտեինք, որ այս ամենի կարիքը կա, ես և ընկերներս որոշեցինք առաջին անհրաժեշտության պարագաներ հավաքել: Արագ դեղորայք գնեցինք, որովհետև վստահ էինք, որ պատերազմի դաշտում ամենաանհրաժեշտ նյութական օգնությունը կլինի: Մյուս օրերի ընթացքում, երբ մեզ ավելի շատ կամավորներ միացան, արդեն հավաքում էինք սնունդ, հագուստ և այլն››,- նշեց Սիրանուշը:

Նա նաև հավելեց, որ առաջին անհրաժեշտության պարագաներ հավաքում են ոչ միայն զինվորների, այլև Արցախից եկած ընտանիքների համար:

‹‹Նյութական օգնությունը հավաքելուց առաջ, նախ համաձայնեցնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Ուղարկում ենք միայն այն ամենն, ինչ անհրաժեշտ է: Իսկ Արցախից եկած ընտանիքների կարիքների մասին տեղեկանում ենք համայնքապետարաններից և մարզպետարաններից››,- մեզ հետ զրույցում ասաց Սիրանուշը:

Նա նաև ավելացրեց, որ կամավորական աշխատանքները կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ վստահ լինեն, որ այդ ամենի անհրաժեշտությունն այլևս չկա:

‹‹Մենք ձեր թիկունքին ենք, հանգիստ եղե՛ք: Հաղթելու ենք›› ,- խոսքը զինվորներին հասցեագրելով՝ եզրափակեց Սիրանուշը:

***

Լուսանկարները տրամադրել է Սիրանուշը:

Թողնել մեկնաբանություն