Բարեգործական վաճառք՝ «Կին ձեռներեցները զինվորի կողքին»

Ջուլի ՀՈՎՍԵՓՅԱՆ


Բարեգործական վաճառք՝ «Կին ձեռներեցները զինվորի կողքին»

«Այսօր տղամարդկանց ուժը կենտրոնացած է սահմանին, և մենք՝ կանայք, պետք է թիկունքում շատ ուժեղ լինենք: Հենց սա է մեր այսօրվա բարեգործական վաճառքի հիմնական նպատակը: Իհարկե, այսպիսի արձագանքի չէինք սպասում: Մտածում էինք, որ եթե մարդ չգա, մենք իրարից առևտուր կանենք գումարը կփոխանցենք, բայց մեր ազգը նորից ցույց տվեց, թե ինչ համախմբված է և ինչքան պատրաստակամ կանգնելու զինվորի կողքին»,-ասաց բնական թեյերի արտադրությամբ զբաղվող «Թեյանի» կազմակերպության հիմնադիր տնօրեն Աստղիկ Գալստյանը, որն իրենց արտադրանքը ներկայացրել էր հոկտեմբերի 10-ին «Լոֆթ» կենտրոնում 35 կին ձեռներեցների նախաձեռնությամբ կազմակերպված հայկական արտադրանքի բարեգործական վաճառքին:

«Կին ձեռներեցները զինվորի կողքին» բարեգործական վաճառքի ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ներկայացված ապրանքները շատ էին ու տարաբնույթ. տնական օղուց և ազնվամորու գինուց մինչև գրանոլա փաթիլներ և բուրավետ օճառներ, հագուստից և տան համար նախատեսված պարագաներից մինչև գոբելենից պայուսակներ և խաղալիքներ. ամեն ինչ, կարևորը՝ հայկական:

Ինչպես նշեց «Լոֆթի»  տնօրեն Արևիկ Համբարձումյանը, հայկական արտադրանքը որակապես  չի զիջում օտարերկրյա և հատկապես թուրքական արտադրանքին և այս նախաձեռնությունը դրա վառ ապացույցն է:

«Մենք ինքներս պետք է սկզբունքորեն աջակցենք հայկական արտադրության յուրաքանչյուր ապրանքի: Որակապես ընդհանրապես չենք զիջում, եթե մենք հայկականին աջակցենք, մատչելիության առումով էլ խնդիրներ չեն լինի: Բացի այդ, ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ հենց այսպիսի դժվարին ժամանակներում մեր ձեռնարկատերերը ամուր թիկունք են դառնում մեր բանակի ու զինվորի համար»,-ասաց Արևիկ Համբարձումյանը:

Բարեգորձական վաճառքին մասնակցում էր բոլորովին վերջերս ստեղծված «TMM soft Autism» ընկերությունը, որը վաճառում էր աուտիզմով հիվանդ երեխաների և նրանց ծնողների պատրաստած անձեռոցիկները:

«Գաղափարը ծագել է կարանտինի ժամանակ, երբ երեխաները զբաղմունք չունեին: Անձեռոցիկներն առանց սոսնձի են, երեխաներն ինքնուրույն են հավաքում: Ուրախ ենք, որ նման վիճակում կարող ենք գոնե ինչ-որ ձևով աջակցել մեր զինվորներին, նրանց ուժ տալ»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:

Վաճառքի էին ներկայացված հայկական արտադրության տարատեսակ սննդամթերք և խմիչքներ: Ձեռարկատերերն ասացին, որ եթե իրենց արտադրանքը չեն կարող ուղարկել, գոնե այսպես են փորձում մի բան անել: Սեղաններին գրված էր «Հաղթելու ենք», իսկ գինիների վրա՝ «Խաղաղության կենացը խմելու գինի»:

Թողնել մեկնաբանություն