Հաղթանակներ, մարտակոչ, կամավորագրում

Մեր ուսանողական թերթի թղթակիցներն ամփոփում են օրվա իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, հակառակորդը վերսկսել է մարտական գործողությունները Արցախյան ճակատի հարավայիին ուղղությամբ: Առավոտյան այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարած են տալիս թշնամու ուժերին «Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը»,- մասնավորապես գրել է նա:

Նշենք նաև, որ այսօր Ադրբեջանի պաշտոնական շրջանակները տեղեկություն էին տարածել, թե Հայաստանի տարածքից հրթիռակոծվել է Մինգեչաուրի էլեկտրաբլոկը: Այս տեղեկությունը հերքեցին Արծրուն Հովհաննիսյանը և ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը. «Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում, թե, իբր, Հայաստանից թիրախավորվում է Ադրբեջանի այս կամ այն բնակավայրը։ Նման կեղծ տեղեկատվական հոսքերի նպատակը սեփական նկրտումները կոծկելն է»,-իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է մամուլի խոսնակը:

Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է նաև, որ Պաշտպանության բանակի նահանջը մարտավարական հնարք է եղել, որի շնորհիվ հրետանային հուժկու հարվածներից ոչնչացվել է ադրբեջանական ստրաբաժանումների մեծ մասը: Հակառակորդը դիմել է փախուստի, կա 200 զոհ:

Այսօր նաեւ մարտակոչով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով վերջին մեկ տարում զորացրված քաղաքացիներին. «Մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարում ծառայությունը ավարտածները ենթակա չեն զորակոչի, բայց փաստացի այս իրավիճակում հենց վերջին մեկ տարում զորացրվածներն են մեր ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսը: Խնդիրն այն է, որ հենց հիմա հայրենիքը ունի նրանց կարիքը: Տղե՛րք մենք հիմա ունենք ձեր կարիքը»:

Տեսանյութը՝ Ա1+ ՀԸ ինտերնետային էջից

Նիկոլ Փաշինյանի մարտակոչից հետո սկսվել է վերջին մեկ տարում զորացրված զինվորների կամավորագրումը: Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել՝ կամավորների մարզերից Երևան փոխադրամանը աջակցություն ցուցաբերելու մասին: Նա մասնավորապես գրել է. «Սիրելի հայրենակիցներ, մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն։ Այն տղաները, որոնք իրենց մարզերից Երեւանի հավաքակայան տեղափոխվելու տրանսպորտային խնդիր ունեն, թող հավաքվեն իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։ Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները՝ նույնպես։ Պրոցեսը՝ շուրջօրյա՝ մարզպետարանների եւ քաղաքապետարանների աջակցությամբ»:

Նշենք նաև, որ քիչ առաջ կամավորագրվեց նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որն այդ մասին նույնպես գրառում է տարածել. «Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել ա մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»- գրել է նա:

Երեկոյան Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ Արծրուն Հովհաննիսյանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը:

Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես նշեց. «Արցախի պաշտպանության բանակի զինված ուժերը պատասխան են տալիս Ադրբեջանիգործողություններին, սակայն թիրախավորելով զուտ ռազմական օբյեկտները, զորքերը, զորախմբերը և բացառապես աշխատելով կոնկրետ ռազմական թիրախների ուղղությամբ»:

Ադրբեջանը  շարունակում է կիրառել արգելված զինատեսակներ, որոնք Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտում են։ նույն ասուլիսում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Պատերազմական իրավիճակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը  եղել է հստակ թիրախային ․ մեր նպատակն է եղել պարզել Ադրբեջանի կողմից իրականացվող զինվորական ռազմական հարձակումների տրամաբանությունը։  Ժամանակն է աշխարհին ցույց տալ հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը»։

Թաթոյանը մասնավորապես նշեց՝  Ադրբեջանն օգտագործում է արգելված զինատեսակներ ՝ «Լառ 160» եւ «Սմերչ» համազարկային կրակի հրթիռներ, որոնցով հնարավոր չէ տարբերակել քաղաքացիական բնակչությանը զինվորական օբյեկտներից։ Այսինքն՝  նպատակը քաղաքացիական բնակչությանը մեծ վնաս պատճառելն է։

« Նկատի ենք ունեցել նաեւ վարձկանների օգտագործումը։  Ըստ ՄԱԿ-ի բանաձեւերի, այս երեւույթը  քրեորեն պատժելի հանցագործություն է։ Առհասարակ նրանք համարվում են սպառնալիք խաղաղությանը, անվտանգությանը եւ մարդու իրավունքներին»։

Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորեց  միջազգային կառույցների դերն այս իրավիճակում․  «Մեր նախաձեռնած լայնածավալ ուսումնասիրություններն ուղարկում ենք միջազգային կառույցների համապատասխան մարմիններին, որովհետեւ այլեւս  անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, որոնք կկարողանան նման խորքային գործողությունները կանխել։

Օրվա ամփոփումը պատրաստեցին
Ջուլի Հովսեփյանը, Էլիս Թովմասյանը եւ Ալինա Հովհաննիսյանը


Թողնել մեկնաբանություն