«Չի բացառվում, որ լինի ուղիղ հարված նաեւ բժշկական ենթակառուցվածքներին»

Մեր «Ուսանողական թերթի» թղթակիցները եւ սովորում են, եւ հետեւում իրադարձություններին:

«Չի բացառվում, որ լինի ուղիղ հարված նաեւ բժշկական ենթակառուցվածքներին»․ Արսեն Թորոսյան

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքով ունենք զոհեր եւ վիրավորներ զինվորական անձնակազմում եւ քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս մասին այսօր՝  հոկտեմբերի 6-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը, ինչպես նաեւ Հայաստանից մեկնած մեր գործընկերները, փաստացի, երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցուցաբերելուց, քանի որ Ստեփանակերտը եւ այլ քաղաքներ գտնվում են ռմբակոծությունների տակ։ Նույնիսկ շտապ օգնության մեքենաները չեն կարողանում տեղ հասնել։ Ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին: Տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքը՝ չեմ բացառում, որ լինի ուղիղ հարված նաեւ բժշկական ենթակառուցվածքներին։ Ամբողջ Ստեփանակերտը բեկորների մեջ է, հակառակորդն օգտագործում է արգելված զինատեսակներ։ Հենց այս բեկորներն են կամ պայթյունի ուղիղ ուժը, որ առաջացնում են վիրավորում, դժախտաբար նաեւ մահ»,- ասաց նախարարը՝ ցուցադրելով բեկորը:

Անդրադառնալով վիրավորում ստացած զինծառայողներին՝ Թորոսյանը նշեց, որ վիրավորների մեծ մասը միջին եւ թեթեւ ծանրության է․ «Ծայրահեղ ծանր  վիրավորներ էլ ունենք՝ հենց նրանց է ուղղված բժշկական անձնակազմի ամենամեծ ուշադրությունը»։

Թորոսյանը հավելեց՝ ՀՀ կառավարությունը համակարգում է նաեւ Արցախից տեղափոխված խաղաղ բնակչության ամբողջ  բժշկական ծառայությունները։ Նախարարի խոսքով,  սարքավորումների եւ դեղորայքի կարիք թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում  այս պահին չկա։

Էլիզաբեթ Թովմասյան

Ասուլիսի տեսագրությունը՝ ստորեւ՝ Ա1+ հեռուստաընկերության կայքից.


Թողնել մեկնաբանություն