Անցյալն ու ապագան մի գավաթ սուրճի մեջ

Մարիամ  ԶԱՔԱՐՅԱՆ

ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ ՄԻ ԳԱՎԱԹ ՍՈՒՐՃԻ ՄԵՋ

 Կամ՝

Ինչ պատահեց,  երբ անհավատ լրագրողը հայտնվեց պրոֆեսիոնալ բաժակ նայողի խոհանոցում

«Սուրճ կխմե՞ք» հարցը նրա տանը երբեք չի հնչում, թեև օրական դատարկվում են սուրճի տասնյակ բաժակներ։ Սառայի ու առավել ևս նրա հյուրերի համար սուրճի հազարից ավելի տեսակները ոչ մի կարևորություն չունեն։ Արժեքավորը լոկ այն մրուրն է, որը մնում է բաժակի հատակին, կպնում պատերին ու պատկեր դառնում։

— Քեզ համար ի՞նչ տարբերություն, սուրճը սուրճ է, էլի,- մատիտով ընդգծած հոնքը բարձրացնելով՝ խեթ նայում է ինձ ու ավելացնում,- հիմա ինչ ա թե ժուռնալիստ ես, անընդհատ հարցե՞ր ես տալու, կարող ա՞ նկարում էլ ես։

— Չէ, չէ,- արագ-արագ արդարանում եմ ու հերթական անգամ հասկանում, որ ժուռնալիստների վարկանիշը լրջորեն է վտանգված։

Սառայից առաջ ինձ հարցազրույց տալ մերժեցին չորս հայտնի գուշակներ։ Մերժեցին ավելի անողոք, քան ցանկացած կոռումպացված պաշտոնյա։ «Ես լրագրողների հետ չեմ շփվում, չեմ վստահում և վերջ» բառերը չորս անգամ լսելուց հետո, Սառայի դեպքում փոխեցի տակտիկան։ Նա գիտի, որ լրագրող եմ, բայց դեռ չգիտի, որ այս պահին աշխատում եմ։

Իրականում պնդել, թե կատարելապես անհիմն է սուրճի բաժակ նայելը, մի քիչ սխալ ու շատ անարդար կլինի։ Համենայն դեպս, սուրճը հնուց ի վեր համարվել է մոգական ըմպելիք, որոշ հնագույն լեգենդներ նույնիսկ պատմում են, որ առաջին բույսը, որն Աստված ցույց է տվել Ադամին, հենց սուրճն էր։ Թե ո՞վ առաջինը շուռ տվեց բաժակը, հետո բարձրացրեց, զննեց ու ասաց՝ «հըըըմ, վաղն անձրև է գալու», անհայտ է, բայց հիմա՝ զարգացած տեխնոլոգիաների 21-րդ դարում, ոչ պրոֆեսիոնալ բաժակ նայող ամեն շենքում էլ կգտնես։

— Իմ բաժակն ընկերուհուս մաման էր նայում, էն էլ գնացին Ֆրանսիա։ Միշտ լավ բաներ էր ասում, կամ էլ կյանքս այն ժամանակ լի էր լավ լուրերով, — հոգոց եմ հանում ու դատարկում վերջին կաթիլը այդ, մեղմ ասած՝ վատ սուրճի։

— Հենց էդ ա, էլի, սաղ խառնվել ա իրար, ով կոֆե դնել գիտի, իրան բաժակ նայողի տեղ ա դրել, — բողոքեց Սառան ու անցավ գործի։

Սուրճի բաժակով գուշակություն անողները պնդում են, որ կա հստակ տարանջատում. սուրճի բաժակի ներսի պատկերները ցույց են տալիս ապագան, ափսեում թողած հետքերը՝ պատմում են անցյալում կատարված դեպքերի մասին։ Առավել կենտրոնում գտնվող պատկերները հեռավոր ապագային կամ անցյալին են վերաբերում, իսկ բաժակի կամ ափսեի ծայրին մոտ գտնվողները՝ էսօր-վաղվա հարցեր են։

— Ճի՞շտ գիտեմ, որ եթե մրուրը բաժակից դուրս է գալիս, ուրեմն անհամբեր եմ,- փորձեցի կոտրել ճնշող լռությունը։

— Հա, համբերի, հեսա կասեմ,- կարճ պատասխանեց։ Ու էլի լռություն։

— Բաժակումդ լիքը թվեր կան, առաջիկայում փող ես ստանալու, էն էլ՝ խոշոր։ Ամսի 10-ին լավ առաջարկ կունենաս, միանգամից համաձայնվի։ 10 թիվն էլի կա, էդ լավ լուրից մի ամիս հետո ավելի լավն է գալու, — Սառան խոսում է առանց աչքը բաժակից կտրելու։

— Իսկ նշվա՞ծ է՝ ո՞ր ամսի 10-ն է, թե՞ էլի պետք է համբերեմ, որ իմանամ, — միշտ այդպես է՝ լավ լուրի մասին լուրին մարդն ակամայից ուզում է հավատալ։ Բայց Սառան ինձ չի լսում, բաժակն անդադար պտտում է իր նիհար, չորացած ձեռքերում։

— Ճամփա-մամփա չունե՞մ, սովորաբար նման բաներ են ասում, ոնց էլ չլինի, գծեր կլինեն, — լռությանս խոստումը փորձում եմ դրժել ամեն գնով։

— Սիրուն ջան, ինչի՞դ վրա ես սենց ուրախ, չեմ հասկանում, սրտիդ հատակը սև-սև ա, դարդ ունես, որը քեզ տանջում ա, ու առաջիկայում չի էլ լուծվելու, սաղ ճամփեքը փակ են։ Այ էս քառակուսին տեսնում ե՞ս՝ հարազատ մարդու երկերեսանիություն ա նշանակում, քեզ դավաճանելու են։

— Ծաղիկ-մաղիկ չկա՞։ Հիշում եմ, որ դա սիրո խոստովանություն էր նշանակում, ժամանակին ամբողջ բաժակս ծաղիկ էր,- հանկարծ փայլատակում է ուղեղս։

Սառան այնքան է անհանգստացած իմ սև սրտով, որ վարդագույն ոչինչ չի ընկալում։

— Չէ, սեր-մեր չկա, մի հատ սար կա, էդ դժվարություն ա նշանակում, բայց հետևը սպիտակ ա, հաղթահարելու ես,- գլուխը բաժակից կտրեց ու նայեց ինձ։ Նայեց ու տեղնուտեղը բռնեց դեմքիս սառած անհավատության քմծիծաղը, որը թաքցնելն ուղղակի անհնար կլիներ։

— Ափսոս, չես հավատում, կարայիր գոնե պաշտպանվեիր։ Լավ, վերջ, էսքանն էր։ Մի խոսքով, միակ լավ բանը թվերն են, ամեն մեկի մոտ չի էսքան թիվ լինում։ Փողերիդ համար մի անհանգստացի, բայց թշնամիներ շատ ունես, ու ներվերդ դեռ շատ են քայքայելու։

Գրպանիցս հանեցի գումարը և պարզեցի նրան։

— Փողը ինձ մի տուր, դիր սեղանին, ես սեղանից պիտի վերցնում, ձեռքից ձեռք չի կարելի, — սա եղավ Սառայի վերջին ցուցումը։

Փողոցում կենտրոնացա, զանգեցի մորս ու պատմեցի ապրումներս։

— Ոչինչ, բալես, մի մտածի, վաղը կգնանք վախ չափողի մոտ, մի հատ մոմ կթափի ու սաղ կանցնի,- մայրերն անելանելի իրավիճակներից գիտեն նվազագույնը երկու ելք։ Նրա խոսքերից հետո միայն մի բան էր ինձ մտահոգում. իսկ վախ չափողի սուրճը գոնե լավը կլինի՞։

Թողնել մեկնաբանություն