ԶԳՈ՛ՒՅՇ, ՉՎԱՐԱԿՎԵՍ

                                                 Անուշ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Զգո՛ւյշ, չվարակվես

«Երեխեք, դաս չկա, գնում ենք տուն». այսպես սկսվեց ինքնամեկուսացման իմ շրջանը, չնայած արդեն 2-3 ամիս է, ինչ իմ դասերն ավարտվել են:

Դե, քանի որ ես ու ինձ հետ ապրող ուսանող-ընկերներս Երևանից չենք, հավաքվեցինք ու եկանք հեռավոր Տաշիր, որը դեռ զերծ էր Վիրուսի թագավորումից:

Առաջին մի քանի օրն այստեղ ամեն ինչ հանգիստ էր, ու մեկ էլ հանկարծ՝ արտակարգ դրություն: Դե, դրանից անմասն չէին կարող մնալ արտակարգ զգացողություններն ու արտակարգ խուճապը և, իհարկե, արտակարգ ինքնամեկուսացումը: Ու այն ամենն, ինչ մինչ այդ ինձ ոչ այնքան ցանկալի էր թվում, ինչը դժգոհությամբ ու փնթփնթալով էի անում, հիմա դարձավ շա՜տ ցանկալի. բնության օրենքն է, չէ՞, որ արգելված պտուղը պիտի քաղցր թվա, անգամ եթե չարգելված ժամանակներում համը տեսել ու գնահատել ես:

«Երեխեք, բարև ձեզ, դասին պատրաստ ե՞ք». հիմա արդեն այսպես են սկսվում իմ առավոտները: Ծնողներս երկուսն էլ ուսուցիչ են, ու ես սխալվել էի՝ կարծելով, թե որքան ուզեմ, կքնեմ: Մի կողմից մայրս՝ Համո Սահյան, Խաչատուր Աբովյան, բայ, բայի թիվ ու ժամանակ (ախր, մամ ջան, էս առավոտ-բարլուսով ի՞նչ ժամանակ ես որոնում), մյուս կողմից հայրս`բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, հանդբոլ. ախր, հերիք ու բոլ եղան էլի էդ բոլերը: Բայց ամեն ինչ էսքանով չի ավարտվում. բացի նրանից, որ ծնողներս ուսուցիչներ են, քույրս էլ ուսանող է, եղբայրս`աշակերտ, ես էլ, չնայած ասացի, որ դասերս ավարտվել են, չինարենի առանձին դասերի եմ գնում:

Դե, հիմա պատկերացրեք մեր տան իրարանցումը`ամեն կողմից եկող տարբեր ձայներ, ու էդ ամենի մեջ առանձնանում են իմ, ինչպես տնեցիներն են ասում, «ծին-ծունները»:

Ամեն մեկս մեր դասը սկսվելուց 15-20 րոպե առաջ մի սենյակ ենք զավթում, որ հանկարծ մյուսները չգրավեն ու այլոց մուտքը խստագույնս արգելում ենք. անցաթուղթն էլ չի օգնի: Իսկ մարդիկ, որոնք գիտեն, որ վիրուսը Չինաստանից է տարածվել գրեթե ողջ աշխարհով մեկ, իսկ ես չինարեն եմ սովորում, թեպետ հիմա, երբ դասերն էկրանների միջոցով ենք անում, միևնույն է, չեն մոռանում զգուշացնել`«զգույշ կլինես, էդ չինացուց չվարակվես», «արի դու էդ ծին-ծուններդ թարգի»: Դե արի ու բացատրի, որ, այ հարգելիներ, թեպետ վիրուսը էկրանների վրա երկար է մնում, Երևանում գտնվող էկրանից Սարչապետում գտնվող էկրանի վրա հաստատ չի թռչի: Ու այսպես, հիշելով Պարետի խոսքերն ու խուճապի չտրվելով, հանգիստ շարունակում եմ դասս`«ուո հըն հաո, նի՞ նը»…

Հերիք չի, որ ես եմ վաղուց լեզվավիրուսով վարակված (էս վիրուսը որ կար, կորոնան ո՞ւմ շունն էր), հիմա էլ այս շրջանն օգտագործում եմ ընկերներիցս մեկին «վարակելու» համար. անգլերեն եմ սովորեցնում: Արդեն վառ արտահայտված ախտանշաններ ունի: Իսկ Վարպետս, որ հիմա սա կարդա, կհիշի հանրային ռադիոյում ընդհատված պրակտիկաս, եթեր գնացած երեք նյութերս ու կասի. «Անուշիկ Աղջիկ, թող էդ ամեն ինչը, դու ռադիոյի համար ես ծնվել»:

Էհ, պարոն Մեսրոպ, էս անկոչ թագավարակը ռադիո թողե՞ց որ…

Բայց արի ու տես,որ ինքնամեկուսացման միակ «զոհը» այստեղ ես չեմ. բա մեր գյուղի «խոպանչինե՞րը»: Որոշները հասցրել են գնալ, իսկ ովքեր մի քիչ հապաղել են, դարձել են հայրենի գյուղի գերիները: Էն օրը մեր դիմացի հարևան Մարգարը (չշփոթեք  բազմաբնակարան շենքերի հետ, գյուղում այդպիսիք չկան), որ այդ «գերիներից» մեկն է, եկել էր մեր տուն: Մի քիչ նստել-զրուցելուց հետո դիմեց մորս.

— Նունե, բայց էդ ախպերդ լավ «շուստրին» էր, հա, էդ ո՞նց թռավ, մենք մնացինք: Դե լավ, որ տենց ա, տենց ա, բերեք մի-մի բաժակ խմենք, ախտահանվենք, չնայած էդ վիրուսը մեր մոտ եկողը չի:

10-15 րոպե անց, երեկոյան ժամը 9-ի կողմերը, մեր մյուս հարևանի երեխան եկավ հայրիկիս կանչելու: Ինքնամեկուսացումը`ինքնամեկուսացում, բայց կյանքի բնականոն ռիթմը փոխել հնարավոր չէ. իրենց կովն  էր ծննդաբերում, օգնություն էր պետք: Դե, օգնողներն էլ թաղի տղամարդիկ են: Հայրիկս ու հարևան Մարգարը գնացին: Ես էլ զանգեցի, որ մեր տան դեմուդեմ ապրող տատիկիս մեր տուն կանչեմ: Ի՞նչ անեմ, կարանտինն էլ արյունը ջուր չի դարձնում:

— Չէ, բալա ջան, մեծ կնիկ եմ, վախենում եմ: Ասում են, էն Հեղնարին էլ հիվանդանոց են տարել, կասկածում են:

Էսպես է՞լ բան կլինի, մի տատիկիցս անսահման օվկիանոս է բաժանում, մյուսից`մի չերևացող վիրուս…

Քիչ անց հայրս ու Մարգարը վերադարձան: Հորթը սատկած էր ծնվել: Ափսոս, բայց ի՞նչ արած: Երևի մի-մի բաժակ օղորմաթաս են խմել ու` «թու, էդ անտեր վիրուսը սատկեր, հա»:

Ինքնամեկուսացման այս շրջանը դրական կողմեր էլ ունի: Մեր գյուղի բուժքույրը, որ երեկ մեր տանն էր (չէ, կորոնայի կասկածներ չէին), պատմում էր, թե ոնց են իրենց տանը «Անուն-ազգանուն-քաղաք…» խաղում, ինչպես հին ու բարի ժամանակներում: Բայց դե արդարության համար ասենք, որ կորոնան չի, որ էս ժամանակները նոր ու չար է դարձրել: Ինչևէ, դա գրելու ուրիշ առիթ է: Իսկ հիմա տանը մնանք ու տեսնենք՝ գլխներիս ինչ է գալիս:

Որ չգա էլ, չենք դժգոհի…

Թողնել մեկնաբանություն