Մի բաժակ հույս` ամեն առավոտ

Հասմիկ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

 

ՄԻ ԲԱԺԱԿ ՀՈՒՅՍ` ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ

-Հասո՜, Հասո՜, հերիք ա քնես, հելի Աննա տոտային կոֆե դիր,- ամեն օրվա պես հնչեց «զարթուցիչս»: Պարզ է` հարևանները պարտաճանաչ հավաքվել էին տատիկենցս տանը` առավոտվա սուրճը վայելելու:

— Բա ինչի՞ ուշացար, ես էլ մտածում էի բաժակս էսօր առանց նայողի մնաց։

Բաժակ նայելը հին սովորություն է: Ըստ վարկածներից մեկի` ալարկոտ հարսները մի ժամանակ ծուլացել են  բաժակները լվանալ, ցանկացել են սուրճի սեղանի մոտ երկար նստել ու բամբասել կեսուրներից, բաժակ նայելն էլ ժամանակը ձգելու հարմար պատրվակ է եղել: Փորձել են պատկերներ գտնել: Սկզբում զուտ զվարճության համար, հետո կամաց-կամաց որոշել են իմաստավորել ու հարևանների մոտ գլուխ գովել, թե բա` բնատուր շնորհք է, Աստծուց է տրված:

Ու էդպես` բաժակ նայելը հասել է մեր օրերն ու մարդկանց գիտակցության մեջ մտել է որպես, իրոք, Աստծո շնորհ: Կանայք էլ սկսել  են հավատալ իրենց գերբնական ուժերին ու փողոցում կամ երբեմն ամբողջ գյուղում, սկսել են գլուխ գովել…

— Հա՜ս, էդ խաշդ ի՞նչ եղավ: Չորս բաժակ կոֆեն քանի՞ ժամ ես եփում, այ բալա:

Իհարկե, առանց տատիկիս նկատողությունների օրը չէր բացվի:

Բոլորը սուրճին էին սպասում, ավելի ճիշտ՝ Աննայի «աստեղային» պահին (դե բաժակ նայելուն էլի):

Հարևաններից մեկը` Գայանեն, իր զինվոր որդուն էր կարոտում, և ամեն անգամ, երբ խրախուսական արձակուրդը հետաձգվում էր, Գայանեն կանչում էր Աննային ու անհամբերությամբ սպասում, թե երբ կասի` բաժակիդ մեջ ճանապարհ կա, վերջում`տղամարդ է կանգնած:

Այսպես շատ հաճախ մարդիկ իրենց նվիրական ցանկություններն ու  նպատակները վստահում են սուրճի մնացորդին և ինչ-որ մեկի երևակայությանը:

Հարևաններն ասում են, որ երբ շրջում ես բաժակը, պետք է  սպասես, որ այն չորանա ու այբուբենի ամեն տառն ասելու հետ խփես բաժակին: Որ տառի վրա բաժակն ափսեից պոկվեց, այդ տառով սկսվող անունն ունեցող մարդը կարոտում է քեզ:

Դե, ինչքան էլ ինձ համար տարօրինակ էր այդ ամենը, միևնույն է, մարդիկ հավատում էին և պարբերաբար կրկնում այդ գործողությունը:

— Դե՛ բեր, բե՛ր, Հաս ջան, արագ խմեմ բաժակները նայեմ ու գնամ, գործերս մնացին, հա, Ջուլի´կ տոտա, իսկական անող-դնող թոռնուհի ունես,– ասաց Աննան ու տաք սուրճը, լեզուն այրելով, մի կերպ խմեց:

Ինձ ծիծաղելի էր թվում այս ամենը, բայց երբ տեսնում էի հարևանների հույսով լցված դեմքերը անկարող էի չհավատալ…

Ասում են, որ բաժակում հայտնված ձին մուրազ է, սլացող ձին` լավ լուր սիրելիից, իսկ ձիու գլուխը` հանդիպում սիրելիի հետ: Դե, իսկ եթե հերթը հասել է ձիուն, ուրեմն Աննայի ձեռքում Լենայի բաժակն է` հարևաններից անենափոքրի։

Աննան, առաքելությունը կատարածի դեմքով, մի քանի բան էլ ասում է Էլենի համար, որի ամուսնանալու ժամանակն է․ մի քիչ փողից, մի քիչ հաջողությունից, ու այդ շաբաթվա հույսի չափաբաժինը պատրաստ է:

Ինքն իր բաժակը երբեք չի նայում, ինքն իրեն դժվարանում է խաբել:

Շտապելով վերցրեց վերջին բաժակն ու գազի վրա թողած ճաշի մտքերով՝ մոռացավ Լենային, Գայանեին ու Էլենին  ասել, որ ձի ու ճանապարհ կա բաժակում, մոռացավ այս անգամ էլ նրանց հույս տալ և դեմքներին ժպիտ նկարել: Շտապելու պատճառով չնկատեց Գայանեի շփոթված հայացքը` սովորության խախտման անակնկալից:

— Դե, գնացի, ժողովուրդ ջան, վաղը կհավաքվենք,– վեր կենալով՝ ասաց և շտապելուց պատահաբար գցեց ու կոտրեց տատիկիս օժիտի սուրճի բաժակը: Ներողությունների մեջ լսվեց Գայանեի հեծկլտոցը:

— Դե լավ, Գայան տոտա, բաժակ էր, էլի, նորը կառնենք, տատին չի նեղվում, Դո՞ւք եք նեղվում,- փորձում էի հանգստացնել ես։

Իսկ Գայանեն չէր հասկանում` բաժակի՞ համար էր լաց լինում, թե՞ Աննայի շտապելու, ձին ու ճանապարհը մոռանալու: Չգիտեր` որդուն իրո՞ք այդքան սպասում էր, թե՞ գյուղի ձանձրալի օրերում սպասումն արդեն ինչ-որ հետաքրքրություն էր դարձել:

 

1 thoughts on “Մի բաժակ հույս` ամեն առավոտ

Թողնել մեկնաբանություն