«Մի՛ ստիպեք զինվորին, որ պատմի պատերազմից»

Լիաննա ՀԱԿՈԲՅԱՆ

«Մի՛ ստիպեք զինվորին, որ պատմի պատերազմից»

«Պետք է փորձենք հասկանալ պատերազմից նոր վերադարձած զինվորին՝ մի կողմ թողնելով մեր սեփական տեսակետը: Պետք է լսենք, աջակցենք և  անհրաժեշտության դեպքում օգնենք, որպեսզի դիմի մասնագետի»,- Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս օգնել (և չվնասել) զինվորին» խորագրով առցանց միջոցառման ժամանակ՝ նշեց հոգեթերապևտ Լիլիթ Ղահրամանյանը: Քննարկման ընթացքում մասնագետն ուղիղ հեռարձակմամբ պատասխանեց քաղաքացիների հարցերին:

Խոսելով զինվորների հոգեբանական խնդիրների մասին՝ Լիլիթ Ղահրամանյանը ասաց, որ դրանք կարող են նկատվել և՛ անմիջապես, և՛ մի փոքր ավելի ուշ՝ կախված սթրեսային վիճակի բարդությունից:

«Պատերազմական իրավիճակում զինվորների մոտ մեծամասամբ նկատվում է երկու խնդիր: Առաջինը՝ սուր սթրեսային խանգարում, որը կարող է դրսևորվել անմիջապես: Հիմնական ախտանշաններն են՝  քնի ռեժիմի խախտումը, տագնապային գրոհները, պատերազմի դաշտից պատկերավոր հիշողությունները և այլն: Որոշ դեպքերում գանգատները կարող արագ հետ նահանջել: Եթե ախտանշանները շարունակում են տևական ժամանակ, ապա արդեն բախվում ենք հետվնասվածքային սթրեսային խանգարմանը, որը լուրջ բուժում է պահանջում»,- նշեց հոգեթերապևտը:

Շատ հաճախ հարազատները փորձում են ինքնուրույն օգնել իրենց զինվորին, քանի որ տղաները հրաժարվում են դիմել հոգեբանի: Բայց երբեմն անզգուշորեն տալիս են այնպիսի հարցեր, որոնք միայն ավելի են վատացնում իրավիճակը:

«Պետք է խուսափել շատ հարցեր տալուց, քանի որ այդ կերպ կարող ենք վատ հիշողություններ ու դրվագներ առաջացնել պատերազմի դաշտից:  Շատ կարևոր է նաև գիտակցել, որ պետք չէ համեմատել զինվորին մեկ ուրիշի հետ: Իրավիճակը մեղմելու համար կարիք չկա ասել՝ «Կարևորը՝ դու ողջ ես, տե՛ս մյուսների հետ ինչ եղավ»: Այդ կերպ մենք միայն վնասում ենք նրան: Ավելի ճիշտ կլինի խնդիրները նկատելուց հետո փորձել համաձայնության գալ զինվորի հետ և դիմել մասնագետի»,- ավելացրեց Լիլիթ Ղահրամանյանը:

Թողնել մեկնաբանություն