Ցավից տնքացող մեր հողը դեռ երբեք այսքան սիրելի չի եղել

Էլիս ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ցավից տնքացող մեր հողը դեռ երբեք այսքան սիրելի չի եղել

2000-2002-ին ծնված տղերքը  հայրենիքի սահմաններն են պաշտպանում սրբորեն՝ մեր նախնյաց հերոսների նման։ Հայաստանի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Ա․Խ-ի հետ մեր այս զրույցը մինչ Արցախ մեկնելն էր։ Հաղթանակով կվերադառնա՝ կշարունակենք զրույցը:

Պատերազմի բոթը

— Առավոտ սովորականի պես դաս էինք անում, դե ես էլ մտքերով էի՝  մտածում էի չորս ամիս մնաց զորացրվելուս։ Հետո եկան ասացին, որ զենք ստանանք ու վազենք անտառ։ Դե, մտածեցի հերթական զորավարժությունն ա։  Զենք ստանալուց զանգ եկավ՝ մաման էր․ լացելով պատմեց, որ Ստեփանակերտից մորաքույրս եկել ա Երեւան․ պատերազմ ա։ Առաջնագծում ծառայողի համար կրակոցը սովորական ա, բայց մենք՝ Հայաստանում՝ խաղաղ երկնքի տակ ծառայածներս, հոգեպես դեռ պատրաստ չէենք։  Մամային հանգստացրի, չնայած ներքին տագնապին․ «Լավ, դե, մամ ջան, կխոսանք, դասի ենք։ Հանգիստ եղեք»։

Կարեւորը խուճապի չմատնվելն ա

—  Անտառում բաց երկնքի տակ քնելուն հարմարվեցինք հենց առաջին գիշերը։ Հանգիստ էինք, սպասում էինք Արցախի սահմանները պահող մեր ընկերների զանգերին։ Մտածում էինք՝ գործը մեզ չի հասնի ու շատ շուտ ամենը կվերջանա։

Մեր մեջ վախկոտներ չկան, բոլորս էլ պատրաստ ենք

— Հոկտեմբերի 3-ին գնդին ճակատ տարան։  Ես էլ էի պատրաստ, բայց ես ուսումնական վաշտի սերժանտ եմ, պիտի մնայի։

Ավելի լավ կլիներ գնայի

 — Գնացին մերոնք։ Մի քանի օր լուր չկար։ Մտածում էի մենք ստեղ պարապ նստած, իրենք ընդեղ մեզ են պաշտպանում։ Էդ միտքը հանգիստ չէր տալիս։

Որ իմանաս ընկերդ վտանգի մեջ ա՝ կօգնես, չէ՞

— Բայց մենք չենք կարող օգնել։ Մեր օգնությունը մեր աղոթքներն են։ Ամեն օր աղոթում էինք, հույս հայտնում, որ շուտով գալու են։ Ծնունդիս առավոտն էր՝ հոկտեմբերի 9-ը, զանգ ստացա․ աշխարհը լռեց։ Մոտիկ ընկերս ու էլի շատ ընկեր-տղաներ հերոսացել են․․․ Հերոսաբար կռվել են, բայց  վերադարձի ճանապարհին անաստվածների «Կամիկաձե»-ն հարվածել ա մեքենային։ Միասին պիտի զորացրվեինք։ Հիմա ինձ  նման ինչքա՜ն տղերք իրանց թիկունքը կորցրին։
Ցավից տնքացող մեր հողը դեռ երբեք այսքան սիրելի չի եղել։
Չէ, պիտի ապրենք։
Լավ ա լինելու ու հաղթելու ենք․․․

Թողնել մեկնաբանություն