Ի՞նչ ակնկալենք ժնեւյան հանդիպումից

Ի՞նչ ակնկալենք ժնեւյան հանդիպումից.

Երկու կարծիք

Մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհիների այս երկու նյութերն արդեն պատրաստ էին, երբ տեղեկություն ստացվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժնեւյան հանդիպումը մեկ օրով հետաձգվում է եւ կկայանա հոկտեմբերի 30-ին:
Լսենք քաղաքագետի եւ ամենօրյա իրադարձություններին հետեւող, իրազեկ սովորական քաղաքացու կարծիքները:

«Հակամարտության դադարեցումը ձեռնտու չէ  նախևառաջ Թուրքիային»

Լիաննա ՀԱԿՈԲՅԱՆ

This image has an empty alt attribute; its file name is d4bcd5abd5a1d5b6d5a1-d580d5a1d5afd5b8d5a2d5b5d5a1d5b6-e1603967481430.jpg

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպել Ժնևում՝ քննարկելու բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի հասնեն արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից:
Մեր խնդրանքով պարզաբանում է քաղաքագետ Ցոլակ Ակոպյանը.

«Անկեղծ ասած մեծ սպասելիքներ չունեմ: Արդեն իսկ ակնհայտ է, որ հակամարտության դադարեցումը ձեռնտու չէ Թուրքիային: Ադրբեջանն այս պահին, նույնիսկ ցանկության դեպքում չի կարող դադարեցնել կրակը» ,- ասաց պարոն Ակոպյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ խախտում է կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները և չի պահպանում հումանիտար հրադադարը:

«Անկախ ամեն ինչից՝ մենք պետք է շարունակենք դիվանագիտական ուղիներ փնտրել: ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է փորձենք հասկացնել, որ արցախահայության փրկությունը պայմանավորված է միայն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ»,- ավելացրեց քաղաքագետը:

***

«Խնդիրը ևս մեկ անգամ միջազգային հարթակներում բարձրացնելը մեզ չի վնասի»

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է` շուտ արա, ոչխարը սարն անցավ։ Ի՞նչ տարբերություն, թե որերորդ անգամ հրադադար կհաստատեն, միևնույն է` Ադրբեջանը չի պահպանելու այն», — մեզ հետ զրույցում ասաց Երևանի բնակիչ Գևորգ Խաչատրյանը` խոսելով արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ժնևում կայանալիք հանդիպման մասին:

Պարոն Խաչատրյանը շեշտեց, որ բոլոր շահագրգիռ երկրներն էլ տեղյակ են իրավիճակից, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկում` ելնելով սեփական շահերից: Փորձը ցույց է տվել, որ ավելի լավ է բոլոր հույսերը կապել բանակի հետ:

«Չեմ կարծում, թե այդ հանդիպումը որևէ էական փոփոխություն կմտցնի Ադրբեջանի վարքագծի մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն փորձել են մարդասիրական հրադադար հաստատել, բայց իրավիճակը կարծես թե չի փոխվել: Այնուամենյանիվ, այս խնդիրը ևս մեկ անգամ միջազգային հարթակներում բարձրացնելը մեզ չի վնասի, միգուցե նույնիսկ որևէ դրական ազդեցություն ունենա իրավիճակի վրա», — նշեց պարոն Խաչատրյանը:

Թողնել մեկնաբանություն