ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ «ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ», ԿԱՄ …

Շարունակում ենք երրորդ կուրսի ուսանողների մոդուլային աշխատանքների հրապարակումը: Էսօր ոչ պակաս ուշագրավ եւ հետաքրքիր հարցազրույց, որ վարել է ապագա լրագրող (վստահաբար) Շուշանը:

***

Շուշան ՀԱՅԿՈՒՆԻ  (ԳԱԼՍՏՅԱՆ)

Շուշան Գալստյան

 

 

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ «ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»,

ԿԱՄ՝

ԱՊԱԳԱ ՖԻԶԻԿՈՍ, ՈՐ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է ՎԵՑ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԻ

 

Սեփական փորձից գիտեմ՝ ուսանողների շուրթերից շատ հաճախ են հնչում «ժամանակ չունեմ» և «ոչինչ չեմ հասցնում» նախադասությունները: Սակայն հանդիպում են նաեւ այնպիսիք, ովքեր միշտ ժամանակ ունեն եւ ամեն ինչ հասցնեում են: Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող ՀՐԱՉՅԱ ԻՇԽԱՆՅԱՆԸ այս «հրաշագործներից» է. համալսարանում բարձր առաջադիմությամբ սովորելու հետ մեկտեղ հասցնում է զբաղվել երաժշտությամբ: Նա պատմում է իր նախասիրությունների և սեփական ժամանակը կառավարելու հնարքների մասին:

 — Երբ երեխա էիր, ի՞նչ մասնագիտության մասին էիր երազում:

— Երեխա ժամանակ բացարձակապես չէի կողմնորոշվում մասնագիտության հարցում, որովհետև ընտանիքս, մասնավորապես՝ տատիկս, ինձ ամեն մասնագետի դերում պատկերացնում էր՝ բժշկից սկսած, դերասանով ավարտած: Իսկ երաժշտություն, անկեղծ ասած, չէի սիրում: Երաժտության նկատմամբ սերս ծնվեց 12 տարեկանում: Դաշնամուր նվագել սովորելով՝ որոշեցի դառնալ երաժիշտ: Սակայն պիտի նշեմ, որ գիտությունը միշտ է հետաքրքրել ինձ, հատկապես՝ ֆիզիկան և կենսաբանությունը: Հետագայում, երբ իմացա գենային ինժեներիայի մասին, որի օգնությամբ հնարավոր է բուժել գենետիկ հիվանդություններ, որոշեցի՝ վե՛րջ, ֆիզիկոս եմ դառնալու:

— Երբևէ չե՞ս զղջացել որոշմանդ համար:

— Անկեղծ ասեմ՝ դեռ հաստատ չեմ որոշել, թե որ ոլորտն առաջնային կդառնա ինձ համար՝ երաժշտությու՞նը, թե՞ գիտությունը:

— Քեզ համար գիտությունն ու արվեստն ի՞նչ ընդհանրություններ ունեն:

— Ինչպես նկարիչն է արդեն գոյություն ունեցող գույներից ստեղծում մի հիասքանչ նկար, կամ երաժիշտը՝ նոտաներից՝ երաժշտություն, նույն ձևով էլ գիտնականը, արդեն հայտնի, ակնհայտ բանաձևերն ու պնդումները գործածելով, ստեղծում է մի նոր բան, նոր բանաձև, որը կարող է նույնքան գեղեցիկ լինել: Երկուսն էլ տրված են մարդուն բնությունից, թույլ են տալիս նրան մտածել, երևակայել, ստեղծագործել: Դժվարանում եմ երաժշտության ու գիտության մեջ տարբերություն դնելիս, երկուսն էլ ինձ հոգեհարազատ են:

— Իսկ ինչպե՞ս է ստացվում համատեղել երաժշտությունն ու ֆիզիկան՝ առանց մեկը զոհելու:

— Այդքան էլ դժվար չէ: Համալսարանում սովորում եմ անվճար՝ բարձր առաջադիմության համար: Երաժշտությամբ էլ զբաղվում եմ՝ չկորցնելով ոչ մի ազատ րոպե: Դեռ հասցնում եմ ընկերներիս էլ հաճախ տեսնել: Ասեմ, որ ինձ համար իմ սիրած երաժշտության ներքո պարապելը, սովորելը ավելի հեշտ է, քան լռության մեջ: Ուզում է այդ երաժշտությունը դասական լինի, թե ծանր մետալ, դրա օգնությամբ ավելի հեշտ եմ կենտրոնանում:

— Հրաչյա, ո՞ր երաժշտական գործիքին ես տիրապետում:

— Կարելի է ասել, ինչ գործիք ձեռքիս տակով անցել է, այս կամ այն չափով տիրապետում եմ: Դրանց շարքում են դաշնամուրը, կիթառը, շրթհարմոնը, շվին, ֆլեյտան, ակորդեոնը, իսկ ջութակը միակ համառ գործիք է, որ մինչև հիմա ձեռքիս տակ է, բայց չեմ կարողանում սովորել: Բայց նրա հախից էլ կգամ (ժպտում է):

Հրաչյա Իշխանյան

— Այսքան շատ գործիքների տիրապետելու համար երկար տարիների ջանքեր պետք չե՞ն:

— Այն մակարդակով, որ ես եմ տիրապետում այդ գործիքներին, չեմ կարծում շատ ժամանակ է պետք: Միայն պետք է սիրել, վերցնել գործիքն ու նվագել: Երկու տարի մասնավոր դասերով դաշնամուր պարապելուց հետո որոշեցի սովորել կիթառ, քանի որ տանը գործիքը կար, բայց սա արդեն սովորեցի ինքնուրույն, ինչպես և մյուս գործիքները, որոնք նշեցի: Եղբայրս՝ Ռաֆայելը, երկար տարիներ կիթառ է նվագում, բայց մասնագիտությամբ իրավաբան է: Միասին նվագում ենք «Առասպել» խմբում: Նա էլ է մեծ դեր խաղացել իմ՝ երաժշտությամբ զբաղվելու գործում:

— Ինչպե՞ս ես հաջողացնում փորձերին բավարար ժամանակ տրամադրել:

— Անկեղծ ասած՝ չեմ տրամադրում: Առայժմ մեր երգերի դաշնամուրային հատվածները այդքան էլ դժվար չեն, և փորձերին այնքան էլ ինտենսիվ մասնակցություն չցուցաբերելը ոչ մի խնդիր չի առաջացնում:

— Զավեշտալի դեպքեր հաճա՞խ են լինում փորձերի ժամանակ:

— Այո, հիասքանչ, ուրախ են անցնում, հատկապես երբ հոգնում ենք փորձ անելուց և սկսում էքսպերիմենտներ անել: Ընտրում ենք տարբեր փոփ երգեր և դրանք փոխակերպում ենք ծանր մետալի: Արդյունքը բավականին տարօրինակ է լինում: Մտադրություն ունենք հետագա համերգների ժամանակ նման երգ նվագել: Թեկնածուների մեջ են «Backstreet Boys» խմբի ու Ջորջ Մայքլի երգերը:

— Իսկ փորձե՞լ ես խմբում հանդես գալ այլ գործիքով:

— Առայժմ չէ: Դե եթե կարելի է վոկալն ուրիշ գործիք համարել, ապա այո, նաև երգել եմ: Հետագայում ֆլեյտայով էլ ելույթ կունենամ:

— Գարնանը ելույթ եք ունեցել առաջին անգամ: Ի՞նչ զգացողություններ ունեիր:

— Իհարկե նախքան բեմ բարձրանալը ներսումս անհանգստություն կար: Ես պետք է առաջին անգամ նվագեի ռոք խմբում, մեծ լսարանի առաջ: Ամբողջ ժամանակ բավականին լարված եմ եղել, քանի որ վախենում էի հանրության առաջ նվագելուց: Ամենաերկար դաշնամուրային հատվածը, որտեղ սխալվելու հավանականությունը մեծ էր, վերջին երգի վերջին հատվածում էր, և համերգի սկզբից անընդհատ մտածում էի՝ ավելի ու ավելի է մոտենում այդ մասը, ոնց անեմ, որ չսխալվեմ: Սակայն ամեն ինչ շատ լավ անցավ: Իհարկե, հանդիսատեսի օգնությունը մեծ էր: Այնպես էին գոռում՝ «Ա-ռաս-պել, Ա-ռաս-պել» կարծես թե հարյուր տարի մեզ ճանաչել և սիրել են  (դարձյալ ժպտում է):

— Այնուամենայնիվ, ավելի հաճելի է խմբու՞մ, թե՞ միայնակ նվագելը:

— Խմբիս անդամները չեն իմանա չէ՞, եթե խոստովանեմ, որ՝ միայնակ, — ծիծաղում է, —  բայց չէ, կատակում եմ, տարբեր զգացողություններ են, քանի որ երկու դեպքում տարբեր տեսակի երաժշտություն եմ նվագում, և երկու տեսակն էլ շատ հոգեհարազատ են ինձ:

— Երաժիշտներից ովքե՞ր են մուսա դարձել քեզ համար:

— Ինձ համար հիմնական ներշնչանքն են Բախը, Յաննին և գերմանական «Blind Guardian» խումբը: Երեքն էլ իրենց ոճի մեջ կատարյալ են: Բախից մի ֆանտազիա, արիա, մենուետ եմ նվագում, իսկ Յաննիի ստեղծագործություններից՝ «Felitsa», «Enchantment» և մեկն էլ այժմ սովորում եմ: «Blind Guardian»-ից կիթառով եմ նվագում «Lord of the rings» և «In the forest» երգերը:

— Իսկ ինքդ ստեղծագործու՞մ ես:

— Այո, փորձում եմ: Առայժմ ունեմ 5 երաժշտություն, բայց դե յուրաքանչյուրի կատարելագործման վրա դեռ ահագին ժամանակ ունեմ ծախսելու:

— Եթե ֆիզիկան ու երաժշտությունը չեն տուժում մեկը մյուսի պատճառով, ապա զոհվում է մի երրորդ երևույթ: Ի՞նչն ես զոհաբերում:

— Ինձ թվում է՝ ոչինչ չեմ զոհաբերում: Կամ էլ հնարավոր է՝ զոհաբերում եմ, բայց ինքս էլ չգիտեմ, թե ինչը:

— Լավ, ֆիզիկայից ու երաժշտությունից բացի ի՞նչ նախասիրություններ ունես:

— Չեմ մոռանում նաև սպորտի մասին: 2 տարի զբաղվել եմ այկիդոյով, արևելյան մարտարվեստ է: Երբ ավելի շատ ազատ ժամանակ եմ ունենում, նաև համակարգչային խաղեր եմ խաղում, հաճախ՝ ընկերներիս հետ:

— Իսկ առհասարակ հնարավո՞ր ես համարում միաժամանակ տարբեր բնագավառներում մասնագիտանալը:

— Այո, ուղղակի պետք է ունենալ տարբեր հետաքրքրություններ, սովորելու ցանկություն, եռանդ՝ բոլոր հետաքրքրությունները բավարարելու համար, և ժամանակ:

 

 

Թողնել մեկնաբանություն